Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլիոնեն նշանակվել է վարչապետ, նախագահ Սերջիո Մատարելան նրան հանձնարարել է նոր կառավարություն կազմել Մատեո Ռենցիի հրաժարականից հետո: 62 տարեկան, արիստոկրատ ընտանիքից սերած, կոմսի տիտղոս ունեցող Պաոլո Ջենտիլիոնեն հայտարարեց, որ գիտակցում է նոր կառավարության արագ ձևավորման անհրաժեշտությունը՝ տնտեսական վիճակը կայունացնելու և դաշնակիցների աչքում Իտալիայի հեղինակությունն ամրապնդելու համար:
Նշանակումից հետո հակիրճ ելույթում նա հայտարարեց, որ մտադիր է աշխատել նախորդ կառավարության շրջանակներում՝ ակնարկելով, որ ապագա կառավարության կազմում կլինեն Մատեո Ռենցիի նախարարներից ևս: Արդեն չորեքշաբթի խորհրդարանում կքննարկվի նոր կառավարությանը վստահության հարցը: Ընդդիմադիր կուսակցությունները մերժում են ազգային միասնության կառավարությունում իրենց մասնակցությունը:
Հ.Գ. Ահա այսպես, հեռացավ Մատեո Ռենցին, որ ուզում էր ավելի ճկուն դարձնել պետական կառավարումը և նրան փոխարինեց ոչ թե ընդդիմադիր «Հինգ աստղ» շարժման ղեկավար, կոմիկ դերասան Բեպե Գրիլոն, այլ՝ արիստոկրատ կոմս Պաոլո Ջենտիլիոնեն: Այսինքն՝ քաղաքական ուժի փոփոխություն չեղավ, եղավ քաղաքական գործչի փոփոխություն: Մատեո Ռենցիի առաջարկած սահմանադրական փոփոխություններին դեմ էին ԵՄ-ից դուրս գալ ցանկացող «Հյուսիսային լիգան» և արտահերթ ընտրություններ պահանջող «Հինգ աստղ» պոպուլիստական շարժումը: Բայց ընդդիմադիր մյուս ուժերը նրանց հետ համաձայն չէին և գործնականում Իտալիան արագ հաղթահարեց քաղաքական ճգնաժամը, որ որոշ փորձագետներ գնահատում էին արտահերթ ընտրությունների պատճառ, իսկ վարչապետ Բեպե Գրիլոյին էին տեսնում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ